ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Արաքսից այն կողմ

Արաքսից այն կողմ
19.11.2025 | 11:48

(130 - Հրաչյա Ներսիսյանն իմ աչքերով)

Նա չէր խոսում բարձր։ Նրա հայացքում բառերն արդեն ասված էին։

Նա երբեմն ուղղակի կանգնում էր՝ մի պահ շնչում գետի պես, ու թվում էր՝ դարերն են անցնում նրա աչքերի միջով։

Ես նրան տեսել եմ արդեն սև ու սպիտակ լուսանցքներով, քանդված ժապավենների միջով, բայց այն, ինչ լսել եմ՝ գետի աղմուկն էր։

Մեկ լուռ հոսք, որ գալիս էր Արաքսից այնկողմ՝ այն կողմերից, որտեղից մարդիկ միայն հիշողությամբ են վերադառնում։

Հրաչյա Ներսիսյանը ինձ համար դերասան չէր։ Նա մարդ էր, ով իր մեջ տարել էր կորուստ, ցավ, հպարտություն՝ առանց բղավելու դրանց մասին։

Նա խոսում էր՝ անգամ երբ լռում էր։

Նրա մորուքի տակ բուն դրած խոսքեր կային։ Նրա դեմքին՝ առանց գիծ շարժելու, արձանագրություններ կային մի ամբողջ ժողովրդի մասին։

Երբ «Ինչու է աղմկում գետը» ֆիլմում նա կանգնած էր գետի եզրին, թվում էր՝ այդ ջուրը վկայում է իր ներսի լռության մասին։

Այդ գետը Արաքսն էր՝ բաժանող, հեռացնող, բայց նաև հոսող դեպի սիրտը։

Նա խոսում էր մեր նախնիների լեզվով՝ ծանրացած, աղոթքի նման։

Նա ծերանում էր էկրանին՝ մարդու պես, ով երբեք ծեր չէ։

Նա քայլում էր՝ հայի նման՝ իր պատմության տակ քիչ վերացած, բայց մեջքով ուղիղ։

Երբ հարցնում են՝ Հրաչյա Ներսիսյանը ի՞նչ դերասան էր, չեմ պատասխանում։

Որովհետև նա դերասան չէր ինձ համար։

Նա հայացք էր։ Նա եղեռնից մազապուրծ զավակ էր։ Նա հորը կորցրած տղա էր։ Նա հայրենիք կորցրած մարդ էր, ով դեռ հայրենիքն իր մեջ ուներ։

Եվ երբ ես լուռ եմ՝ նրա նման, երբ նայում եմ հեռու, երբ ձայն չունեմ, բայց ներսս աղմկում է՝ ես հասկանում եմ՝

ինչու է աղմկում գետը։

Արաքսը պատ չէ։ Նա հիշողություն է։

Իսկ Հրաչյա Ներսիսյանը՝ այդ հիշողության պահապանը։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ